Posted in Կենսաբանություն

Գլխուղեղ հարցեր

  1. Ի՞նչ բաժիններից է կազմված գլխուղեղը։

Գլխուղեղը կազմված է ծայրային ուղեղից (մեծ կիսագնդեր, առջևի ուղեղ), միջանկյալ ուղեղից, միջին ուղեղից, կամուրջից, երկարավուն ուղեղից և ուղեղիկից:

  1. Ի՞նչ գիտեք երկարավուն ուղեղի և կամուրջի գործառույթների մասին։

Երկարավուն ուղեղը  ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է՝ 2,5-3 սմ երկարությամբ։ Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին և նրա նման կատարում է ռեֆլեքսային և հաղորդող գործառույթներ: 

Երկարավուն ուղեղի տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը, արգելակում և դրդում մեծ կիսագնդերի կեղևի ու ողնուղեղի ֆունկցիաները։ Այստեղ են գտնվում ծամելու, կլլման, ծծելու ռեֆլեքսների կենտրոնները։ Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։ Այսպիսով, երկարավուն ուղեղում գտնվում են կենսական կարևոր կենտրոններ, ուստի նրա ոչ միայն հեռացումը, այլև վնասումն ավարտվում է մահով։ Երկարավուն ուղեղով են անցնում գլխուղեղի մյուս բաժինները ողնուղեղի հետ միացնող վարընթաց և ողնուղեղից հաղորդվող վերընթաց ուղիները։

Վարոլյան կամուրջ

Վարոլյան կամուրջը ներքևից սահմանակից է երկարավուն ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։ Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։ Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները։

  1. Միջին ուղեղի ինչպիսի՞ գործառույթ գիտեք։

Միջին ուղեղ

Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։

Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։ Միջին ուղեղով են անցնում նաև ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները։ 

Posted in Կենսաբանություն

Մակուղեղ

Մակուղեղը կամ հիպոֆիզը ձեր հորմոնային համակարգի կենտրոնական օղակներից մեկն է:

Չնայած իր փոքր չափին, մակուղեղն արտադրում է բազմաթիվ հորմոններ, որոնց մի մասն ուղղակիորեն ազդում է ձեր օրգանիզմի վրա, իսկ մյուսները հսկում են ներզատական այլ գեղձերի կողմից հորմոնների արտադրությունը

Ի՞նչ է մակուղեղը
Մակուղեղը տեղակայված է գլխուղեղի միջին շրջաններում:Մակուղեղը շատ փոքր է. այն ունի ընդամենը 0,5-0,6 գրամ կշիռ և իր չափսով նմանվում է սիսեռին:

Մակուղեղի գործունեությունը վերահսկվում է երկու ճանապարհով. ուղեղի մեկ այլ շրջանից՝ ենթատեսաթմբից (հիպոթալամուսից) ստացվող ազդանիշներով և ներզատական այլ գեղձերի հորմոնների ընկալելի մակարդակներով:

Ի՞նչ հորմոններ է արտադրում մակուղեղը
Մակուղեղի արտադրած հորմոններն են՝

աճի (սոմատոտրոպ) հորմոն, որը կարգավորում է օրգանիզմի աճը
թիրեոտրոպ հորմոն, որը դրդում է վահանաձև գեղձին, որպեսզի վերջինս արտադրի իր հորմոնները
պրոլակտին, որը հսկում է կրծքագեղձի կողմից կաթի արտադրությունը
լյուտեինացնող և ֆոլիկլուլախթանիչ հորմոններ, որոնք ներգրավված են վերարտադրողական ցիկլի մեջ
ադրենոկորտիկոտրոպ հորմոն, որն օգնում է մակերիկամների գործունեության հսկողությանը
օքսիտոցին, որը մասնակցում է ծննդաբերության և կրծքով կերակրման գործընթացներին
հակադիուրետիկ հորմոն, որն օգնում է օրգանիզմի կողմից հեղուկների փոխանակության կարգավորմանը:
Մակուղեղի հետ կապված հիվանդություններ
Ախտահարված մակուղեղը կարող է ուժեղացնել կամ թուլացնել հորմոնների արտադրությունը: Գեղձը կարող է նաև հանդիսանալ ուռուցքի շրջան՝ ճնշելով հարակից ուղեղային հյուսվածքները: Մակուղեղի ուռուցքների մեծ մասը բարորակ բնույթի է և կարող է խնդիրներ առաջացնել, եթե ուռուցքը մեծանում է՝ զբաղեցնելով համեմատաբար մեծ տարածք կամ զարգանում են հորմոնային կտրուկ շեղումներ:

Ստորև ներկայացնում են մակուղեղի հետ կապված ավելի հաճախ հանդիպող հիվանդությունները:

Հիպերպրոլակտինեմիա (պրոլակտինի ավելցուկ), որը կանանց մոտ առաջացնում է դաշտանի քչացում կամ դադարեցում, հղիացման հետ կապված դժվարություններ և ծննդաբերության հետ կապ չունեցող կրծքագեղձերում կաթի արտադրություն:
Աճի հորմոնի պակաս, որը երեխաների մոտ հետաձգում է մարմնի աճն ու զարգացումը և բերում է գաճաճահասակության, ոչ հազվադեպ՝ նաև հոգեկան թերզարգացման և ինֆանտիլիզմի: Չափահասների մոտ աճի հորմոնի պակասն առաջացնում է ընդհանուր և մկանային թուլություն, ինչպես նաև կարող է ազդել ոսկրերի առողջության վրա:
Հիպոպիտուիտարիզմ, երբ մակուղեղի բոլոր հորմոնների անբավարարությունը առաջացնում է բազմաթիվ ախտանիշներ:
Մակուղեղի հետ կապված հազվադեպ զարգացող հիվանդություններից են՝

գիգանտիզմ, երբ դեռահասն աճում ու դառնում է խիստ բարձրահասակ
ակրոմեգալիա, երբ չափից դուրս աճում և մեծանում են չափահաս մարդու ձեռքերը, ոտնաթաթերը և ստորին ծնոտը
Քուշինգի համախտանիշ, երբ օրգանիզմը սկսում է արտադրել չափից դուրս շատ ստերոիդ հորմոններ: